Այսօր Ավանի առաջին ատյանի քրեական
դատարանում սկսվեցին Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի ախռաննիկ-օգնականի գործով
դատական նիստի նախնական լսումները։ Վերջինս Ազգային ժողովի բակում դարանակալել, ապա
մոտեցել և հայհոյել, իսկ հետո հարվածել էր մեր գործընկեր Դավիթ Լևոնյանին։ Սուքոյանի
պաշտպաններ Ալեքսանդր Կոչուբաևն ու Էրիկ Ալեքսանյանը միջնորդեցին քրեական հետապնդումը
դադարեցնել՝ առանց ապացույցները հետազոտելու։ Միջնորդությունը ներկայացնելիս Ալեքսանդր
Կոչուբաևը ընկավ մի իսկական մառազմի մեջ։ Նախ գործը որակեց քաղաքական հետապնդում։ Կարծես
կրտսեր Քոչարյանի ախռաննիկին իշխանություններն են պարտադրել հանցագործության դիմել։
Ի դեպ, առաջ անցնելով նշենք, որ Սուքոյանի պաշտպանները միջնորդությունը ներկայացնելիս
գրեթե ուղղակիորեն ընդունեցին, որ Սուքոյանը հանցագործություն է կատարել։
Առանց ապացույցները հետազոտելու
գործը կարճելու միջնորդությունը ներկայացնելիս Կոչուբաևը մտավ ապացույցների ներկայացման
մեջ ու մի աբսուրդի թատրոն սարքեց։ Հղում անելով Սահմանադրության 18-րդ հոդվածին, որով
ամրագրվում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու կարգավիճակը, Սուքոյանի պաշտպանը
նշեց, որ Սուքոյանը գործել է ծայրահեղ անհրաժեշտության վիճակում։ Քոչարյանի ախռաննիկը,
ըստ Կոչուբաևի, պաշտպանել է եկեղեցու շահը և համբավը ու, այստեղ՝ ուշադրություն, որևէ
այլ միջոց չի ունեցել դա անելու, քան Դավիթ Լևոնյանին, ինչպես Կոչուբաևը նշեց, «դաստիարակչական
ապտակ» հասցնելը։ Ավելին՝ Կոչուբաևը ընդունեց, որ Սուքոյանը հանցագործ է։ Ըստ պաշտպանի՝
Դավիթ Լևոնյանը իրեն դրել է մի այնպիսի իրավիճակի մեջ, որպեսզի իրեն հարվածեն, որ Սուքոյանը
այլևս որևէ այլ միջոց չունենա եկեղեցուն պաշտպանելու, քան դա հանցագործությամբ անելը։
«Եկեղեցական պաշտոնյաներին վարկաբեկելը, ըստ էության, հանցագործության պրովոկացիա է»,-
երկնեց Կոչուբաևը՝ ընդունելով իր պաշտպանյալի հանցագործություն կատարած լինելու փաստը։
Դավիթ Լևոնյանը դատարանի դահլիճում
իմացավ, որ հարկադրել է, ստիպել է, որ Արթուր
Սուքոյանը իր նկատմամբ դիմի գործողությունների։
Ապա Կոչուբաևը կրկին անդրադարձավ
Եկեղեցու համբավին, դերին. եկեղեցու շահի պաշտպանությունը պետք է դիտարկել հանրային
շահի պաշտպանության տիրույթում։ Ապա Կոչուբաևը հաստատեց մեր խոսքերը, որ մառազմի մեջ
է ընկել։ Ցիտում ենք Կոչուբաևի խոսքը բառացի. «Հաշվի առնելով, որ մոնոէթնիզմը, կրոնական
գաղափարախոսությունը մեծ հաշվով գլոբալիստական տարբեր շարժումների ուղիղ թշնամին է,
կարող ենք ասել, որ Արթուր Սուքոյանի հետապնդումը մեկ ընդհանուր համակարգի մասնիկ է»։
Նախ՝ քրիեստոնեությունը, դրա
տարածումը գլոբալիզմի դասական օրինակ է։ Կարո՞ղ ենք Կոչուբաևի մտքի փայլատակումից եզրահանգել,
որ քրիստոնեությունը, հանդիսանալով գլոբալիստական շարժում, ևս կրոնական գաղափարախոսության
ուղիղ թշնամին է։
Հաջորդը՝ ի՞նչ մեկ ընդհանուր
համակարգ։ Չլինի՞ այլմոլորակայինները, ռեպտիլոիդները Սուքոյանի դեմ մի զազրելի, դավադիր
ծրագիր են մշակել և ահա Դավիթ Լևոնյանի օգնությամբ դա ի կատար ածել՝ եկեղեցու միակ
և առաջին պաշտպան Սուքոյանին վնասազերծելով։
Կոչուբաևը նշում է, որ Սուքոյանը
պաշտպանել է եկեղեցու համբավը, հեղինակությունը։ Հարկ է նկատել, որ բազմաթիվ հոգևորականներ
են հաճախ ոտնահարում այդ հեղինակությունը։ Ինչո՞ւ Սուքոյանը չի արձագանքում այդ դեպքերին։
Կամ բազմաթիվ կարգալույծ եղած հոգևորականներ բարձրաձայնում են եկեղեցու ներսում տարբեր
հոգևորականների ոչ պարկեշտ վարկի, քայլերի, գործողությունների մասին։ Սուքոյանը ի՞նչ
կարծիք ունի այս առնչությամբ։ Արդյոք հոգևորականները անբիծ, անմեղ, սուրբ ու անսխալական,
ոչ մեղսավոր արարածնե՞ր են՝ զերծ մեղքերից։ Եթե ոչ, իսկ ողջամտությունը ասում է, որ
ոչ, ապա այդ ինչպե՞ս է Կոչուբաևը նշում, որ իր պաշտպանյալը պաշտպանել է եկեղեցու պատիվն
ու համբավը։ Սա խիստ գնահատողական դատողություն է։ Իսկ գուցե հենց Դավիթ Լևոնյանն է
պաշտպանել եկեղեցու պատիվն ու համբավը՝ խոսելով եկեղեցու ներսում գործող մեկ-երկու
հոգևորականների մեղքերի, սխալների, հանցանքների մասին։ Եկեղեցին, պարոն Կոչուբաև, ախռաննիկ
Արթուրը, Բագրատ Գալստանյանն ու Գարեգին Բ-ն չեն։ Եկեղեցին ամբողջություն է՝ իր հետևորդներով,
հոտով, եկեցեղականներով, այդ թվում՝ Դավիթ Լևոնյանով։
Էրիկ Ալեքսանյանն էլ նշում է,
թե միջադեպը եղել է անձնական դրդապատճառներով, և «դաստիարակչական ապտակը» Սուքոյանը
հասցրել է ոչ թե լրագրողին, այլ Դավիթ Լևոնյանին՝ պաշտպանելով եկեղեցուն։ Էդ Սուքոյանը
Դավիթ Լևոնյանի խնամակա՞լն է, թե՞ դաստիարակը, որ «դաստիարակչական ապտակ» հասցնի որևէ
մեկին։ Ես էլ մեծ ցանկություն ունեմ Սուքոյանին, Կոչուբաևին, Ալեքսանյանին իմ պատկերացումներով
դաստիարակել, կարո՞ղ եմ մեկ դաստիարակչական ապտակ հասցնել վերջիններիս։ Ու արդյոք վերջիններս
նույն ջանասիրությամբ կպաշտպանե՞ն այն թեզը, որ դա հանցանք չէ՝ ենթակա չէ հետապնդման։
Մառազմը մեկնաբանելը թողնելով՝
եթե անդրադառնանք դատավարությանը, դատավորը մերժեց գործը կարճելու պաշտպանական կողմի
միջնորդությունը և անցավ խափանման միջոցի քննությանը։ Սուքոյանի տնային կալանք խափանման
միջոցը փոփոխվեց։ Նրա նկատմամբ ավելի մեղմ խափանման միջոց ընտրվեց, ինչը առաջարկեց
հենց մեղադրող կողմը, որին տուժող Դավիթ Լևոնյանը
չառարկեց։
Ապա դատական նախնական լսումներն
ավարտվեցին, և անմիջապես սկսվեցին հիմնական դատալսումները։
Վովա Հակոբյան